Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ընդունել է Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդին, Արեւելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանին, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, Վրաստանի եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլիին, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին։

Հանդիպման մասնակիցները նախագահին իրենց տպավորություններն են ներկայացրել Երեւանում ոչ պաշտոնական ձեւաչափով կայացած իրենց հանդիպումների, անկաշկանդ ու բաց երկխոսության արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:

Նրանք ընդգծել են, որ Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ երեւանյան այս քննարկումներն անչափ կարեւոր ու անհրաժեշտ էին մասնակից բոլոր կողմերի համար: Օրակարգային բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում միմյանց հետ համագործակցությունը լավագույնս զարգացնելու հնարավորությունների շուրջ, նրանց հավաստմամբ, բավականին արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Արեւելյան գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրն ունենալով իր առանձնահատկությունները, միաժամանակ բազմաթիվ ընդհանրություններ ունի անդամ մյուս երկրների հետ, որոնց վրա հաջողությամբ կարող է զարգացնել հետագա փոխգործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկություն ունի մնալ Արեւելյան գործընկերության երկրների շարքում եւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով շարունակել ամրապնդել հարաբերություններն այդ երկրների հետ:

Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցների եւ Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում Հայաստանում գտնվող գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների հետ այնուհետեւ պաշտոնական ընթրիք է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում: