Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, որի ժամանակ բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օժանադակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ փոխգործակցության զարգացմամբ, տարբեր բնագավառներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման շարունակականությամբ եւ խորացմամբ:

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը եւ Շտեֆան Ֆյուլեն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության հեռանկարներին եւ ուղղություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների շուրջ: Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ը հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը եւ պատրաստ է դիտարկել երկկողմ համագործակցության շուրջ մոտեցումներն ու մտքերը, որոնք ուղղված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: