ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, ինչպես նաեւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը սեպտեմբերի 13-ի երեկոյան միացել է ՌԴ  արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի ժնեւյան բանակցություններին:

Ժնեւի Intercontinental հյորանոցում եռակողմ հանդիպումն սկսելուց առաջ (նախկինում  հանդիպման երրորդ կողմը ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի գործող հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին էր ) Անանն առանձին զրուցել է Քերրիի հետ:

«Հուսով եմ, որ օրվա վերջում  մենք որոշակի առաջարկությունների կհանգենք, - ասել է նախկին գլխավոր քարտուղարը: - Քիմիական զենքի վերաբերյալ համաձայնագիրը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ կնստեցնի»: Անհրաժեշտ է համոզվել, որ  ձեռք բերվող պայմանավորվածությունները կիրագործվեն, ընդգծել է Անանը:

Անանը հուսով է, որ Լավրովը եւ Քերրին կանգ չեն առնի միայն Սիրիայի քիմիական զենքի հարցի վրա:  «Ես գիտեմ, որ Լավրովն ու Քերրին շատ լուրջ են աշխատում` լուծում գտնելու ուղղությամբ: Հուսով եմ, որ ոչ միայն քիմիական զենքի  հարցի լուծում կգտնեն, այլեւ կքննարկվի քաղաքական կարգավորման հարցը, որը դրական կազդի հումանիտար իրադրության վրա», - Անանի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Շվեյցարիայի բանակցություններում զվարճալի դեպքեր էլ են լինում. Ջոն Քերրին ճեպազրույցի ընթացքում չի լսել Սերգեյ Լավրովի եզրափակիչ խոսքի թարգմանությունը եւ զգացել է, որ ինչ-որ կարեւոր բան է բաց թողել: Ջոն Քերրի. «Խոսքի վերջին մասը… Դուք չէի՞ք կարող թարգմանել  վերջին մասը»: Սերգեյ Լավրով. «Այո, ամեն ինչ լավ է, Ջոն: Մի անհանգստացիր»: Ջոն Քերի.  «Ցանկանում ես, որ հավատա՞մ քո խոսքին: Դեռ շուտ  է», մեջբերում է ՆՏՎ-ն:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի աղբյուրի` պատվիրակության բանակցությունները դեռ չեն ավարտվել եւ կշարունակվեն այսօր: