ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին նեանդերթալցի է անվանել։ Նման որակավորման նրանք արժանացել են կանանց բռնությունից պաշտպանելու մասին օրենքը նոր ժամկետով երկարացնելուն դեմ արտահայտվելու համար։ Տվյալ օրենքը (Violence Against Women), որի նախագիծը Բայդենը ներկայացրել էր 1990-ականներին, նոր ժամկետով ստորագրվել էր 2013թ.։
Իր նստավայրում կայացած ընդունելության ժամանակ, խոսելով այդ օրենքի մասին, Բայդենն ընդգծել է, որ մտադիր է «վրդովեցուցիչ բան ասել»։ Հետո նա Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող հանրապետականներին, որոնք դեմ էին արտահայտվել օրենքին, «նեանդերթալցիների ամբոխ» է անվանել։
Հանրապետականներին դուր չեն եկել օրենքի այն փոփոխությունները, որոնք դրա գործողությունը տարածում են նաեւ ԱՄՆ-ի հնդկացիական բնակչության, ներգաղթյալների եւ լեսբուհիների վրա, որոնք բռնության են ենթարկվում այլ կանանց կողմից, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները։
2009թ. փոխնախագահ ընտրված դեմոկրատ Ջո Բայդենը վերընտրվել էր 2012թ.։ Նա ԱՄՆ-ում զենքի վաճառքը սահմանափակելու կողմնակից է եւ կողմ է այն գնողների նկատմամբ վերահսկողության խստացմանը։ Բայդենը նաեւ կողմ է նույնասեռականների ամուսնության օրինականացմանը։





























