Երեւանում, սեպտեմբերի 13-ին, տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը, որտեղ նրանք քննարկել են հունիսի 11-12 ՀՀ նախագահի Մոլդովա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը եւ այդ ուղղությամբ Երեւանի եւ Քիշնեւի կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային ձեւաչափերում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:
Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը։





























