Ֆրանսիացի պատգամավոր եւ Օ-դե-Սենի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը հոկտեմբերի 16-ին ու 17-ին Վալանսում կմասնակցի հայ-ֆրանսիական համագործակցության ապակենտրոնացմանը նվիրված երկրորդ համաժողովին` միջազգային համագործակցության հարցերով գլխավոր խորհրդական Ժան-Պոլ Դովայի հետ միասին: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:

Ֆրանսիական Օ-դե-Սեն դեպարտամենտը, որը 2008թ.-ից ապակենտրոնացված համագործակցություն է սկսել Հայաստանի Տավուշի մարզի հետ, նշանակել են գյուղատնտեսության զարգացմանը նվիրված սեմինարի առաջնորդ: Պատրիկ Դեւեջյանը քննարկումներ կանցկացնի «Կոոպերատիվը որպես Հայաստանում գյուղատնտեսության զարգացման գործիք» թեմայով:

ՀՀ Տավուշի մարզի մարզպետ Արմեն Գուլարյանի հետ համատեղ նա կներկայացնի այն նպատակներն ու միջոցառումները, որոնք տարածաշրջանի զարգացման համար ձեռնարկել է Օ-դե-Սենի դեպարտամենտն ու կյանքի են կոչվում Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի կողմից: Սեմինարից հետո մասնակիցները կայցելեն ֆերմա, որը ղեկավարվում է Վալանս քաղաքի ագրարային լիցեյի կոոպերատիվի կողմից: Համաժողովի ավարտին Օ-դե-Սենի դեպարտամենտը կընդունի Վալանսի հռչակագիրը: