Իտալացի 58-ամյա արքեպիսկոպոս Պյետրո Պարոլինը հոկտեմբերի 15-ին Վատիկանի պետքարտուղարի պաշտոնում փոխարինել է 78-ամյա կարդինալ Տարչիզիո Բերտոնեին, որը պաշտոնավարում էր  2006թ. սեպտեմբերից:

Պարոլինն իր նշանակումն անվանել է Աստծո մատուցած անակնկալ»՝ ընդգծելով, որ այդ պատասխանատվության առջեւ «ուժերն իր տկար, ունակություններն էլ ժլատ  են»:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Սուրբ աթոռին մոտ կանգնած աղբյուրները, հայտնում է, որ հոկտեմբերի 15-ին պապական գրադարանում Վատիկանի պետական քարտուղարության ծառայողների հետ հատուկ հանդիպում կկայանա, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն կհայտնի Բերտոնեին երկարամյա ծառայության համար եւ պաշտոնապես կներկայացնի նրա իրավահաջորդին:

Վատիկանի պետքարտուղարի պաշտոնն առանցքային է: Պետքարտուղարը համարվում է պապի «աջ ձեռքը»:

Կարդինալ Բերտոնեն վերջին տարիներին քանիցս քննադատության էր ենթարկվել մի շարք եպիսկոպոսարանների կողմից՝ իր գործունեության հետ կապված, հատկապես՝ սկանդալային Vatileaks գործի համար: