Ֆինանսական ճգնաժամի սկզբից 5 տարի անց համաշխարհային տնտեսությանն այդպես էլ չի հաջողվում կայուն աճի ուղի վերադառնալ, ասված է ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (United Nations Conference on Trade and Development, UNCTAD) նոր զեկույցում:
Ըստ փորձագետների՝ 2012թ. գրանցված համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպը՝ 2,2%, նույնը կմնա նաեւ 2013թ.: Ամենացածր ցուցանիշը զարգացած երկրներում կարձանագրվի՝ շուրջ 1%: Զարգացող երկրներում այն կկազմի մոտ 4,7%:
Զեկույցում տվյալներ են բերվում նաեւ աշխարհում միջին դասի աճի մասին: Ըստ կանխատեսումների՝ աշխարհի բնակչության միջին դասի թվաքանակը 2009թ. 26%-ից 2020թ. կաճի մինչեւ 41% եւ 2030թ. կհասնի մինչեւ 58%: Աճի հիմնական հատվածը բաժին է ընկնում Ասիային: Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում այն կաճի 2,5 անգամ, իսկ աֆրիկյան երկրներում՝ երեք անգամ, հայտնում է rbc-ն:
UNCTAD-ի զեկույցում նշվում է, որ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում վերջին հինգ տարիներին 3% տնտեսական աճ է գրանցվել, սակայն 2013թ. այդ ցուցանիշները կարող են նվազել:





























