Ռուսաստանն ու Ուկրաինան կառավարությունների մակարդակով խորհրդակցություններ են անցկացնում Կիեւի՝ ԵՄ-ի ազատ առեւտրի գոտուն միանալու հարցի վերաբերյալ: Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Արզումանովը:
«Հաջորդ խորհրդակցությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, որին ուկրաինական կողմից կմասնակցի փոխվարչապետ Յուրի Բոյկոն, իսկ ռուսական կողմից՝ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը»,-ասել է Զուրաբովը՝ ռուս-ուկրաինական տնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի նիստից հետո:
Նրա խոսքով՝ այդ խորհրդակցությունների խնդիրը համալիր միջոցառումների մշակումն է, որոնք կարող են մեղմել Ուկրաինայի՝ ԵՄ-ի ազատ առեւտրի գոտուն միանալու հնարավոր հետեւանքները, զուգահեռաբար քննարկվում են Ուկրաինայի՝ ԱՊՀ ազատ առեւտրի գոտուն միանալու հարցը:
Միաժամանակ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է, որ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտուն միանալու համաձայնագրի ստորագրումից հետո, Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ընդգրկվել Մաքսային միության կազմում:
Միաժամանակ, Մեդվեդեւը հույս ունի, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան կկարողանան փոխգործակցության ճիշտ ալգորիթմ գտնել, հավելելով, որ այդ ոլորտում պետք է շատ զգույշ գործել:





























