Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով: Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը (ֆոտոռեպորտաժ):

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն հակամարտության խաղաղ կարգավորմանը չի մասնակցում. «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ավելի լայն՝ Մինսկյան գործընթացին: Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունների մեջ ենք: Ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի հետ ՆԱՏՕ-ն քաղաքական երկխոսություն է վարում եւ պրակտիկ համագործակցություն է իրականացնում: Հայաստանում եւ Ադրբեջանում բոլոր հանդիպումների ժամանա մենք միշտ ընդգծում ենք կարեւորությունը, որը կապված է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հետ: Ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, հաղորդագրություն ենք փոխանցել, որ հակամարտության ռազմական լուծում չկա: Մենք հստակորեն ասել ենք, որ միակ լուծումը բանակցություններն ու փոխզիջումներն են»,-ընդգծել է Ափաթուրայը:

Այդ առնչությամբ ԱՆՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ բոլորին պարզ է, թե ինչ օգուտ կստանան տարածաշրջանի երկրները խաղաղ կարգավորումից: «Գիտենք, որ ծրագրեր կան՝ կապված  առաջիկայում բարձրագույն մակարդակում հանդիպում կազմակերպելու հետ: Հուսով ենք, որ ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ հնարավոր կլինի հնարավորինս արագ լուծում գտնել»,-եզրափակել է նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am