ՆԱՏՕ-ն գիտակցում է Հայաստանի համար ՌԴ հետ ռազմավարական գործընկերության կարեւորությունը: Այս մասին այսօր Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը՝ խոսելով անվտանգության համակարգի մասին, որը հարկավոր է Հայաստանին:
«Ոչ ոք դա չի վիճարկում: Դա Հայաստանի որոշումն է, որը կայացվել է այն իրավիճակի համատեքստում, որը մենք շատ լավ հասկանում ենք»,-ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ, նա փաստել է, որ Հայաստանը միշտ ձգտել է հավասարակշռված քաղաքականություն վարել: «Չցանկանալով որեւէ բան պարտադրել՝ մենք վարում ենք բաց դռների քաղաքականություն, որի շրջանակներում պատրաստ ենք համագործակցել»,-նշել է Ափաթուրայը: Նա հավել է, որ բաց դռներ ասելով նկատի ունի ոչ թե անդամակցություն, այլ համագործակցության խորացում:
Նրա խոսքով՝ նման հավասարակշռված քաղաքականություն վարելու համար Հայաստանը տեսական եւ պրակտիկ համագործակցություն է իրականացնում ՆԱՏՕ-ի հետ: Ինչպես Ափաթուրայն է ընդգծել, նա Հայաստանից հեռանում է, վստահ լինելով, որ Երեւանը հետաքրքրված է համագործակցությունը խորացնելու հարցում: «Սա ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» հարց է»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:





























