Բրյուսելում Եվրոպայի հայերի համագումարը կարեւոր նշանակություն ուներ, քանի որ այնտեղ բարձրացված հարցերը արդիական են նաեւ Հայաստանի ներսում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով եւ «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Եվրոպայի հայերի երրորդ համագումարին:

Նրա խոսքով՝ համագումարին մասնակցել են Մեծն տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ արքեպիսկոպոս Նորվանը:

«Համագումարի առաջին օրվա ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք կապված են Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ: Ընդգծվել է, որ ճանաչումից պետք է անցում կատարել փոխհատուցում պահանջելուն»,-ասել է Մանոյանը: Նույն օրը քննարկվել է նաեւ եվրոպական երկրներում հայկական համայնքների վիճակը: «Եվրոպայի երեսուն երկրներում ունենք հայկական համայնքներ, քննարկվել է զարգացման մոդելը, որը պետք է ընդունել»,-ընդգծել է Մանոյանը՝ հավելելով, որ համագումարի ժամանակ քննարկվել են նաեւ թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների ջանքերը: Այդ համատեքստում համագումարի մասնակիցները ընդգծել են, որ հարկավոր է հայկական կազմակերպությունների համագործակցություն: Մանոյանն ընդգծել է, որ համագումարին մասնակցել է մոտ  170 պատվիրակ: