ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, թե 2010թթ. պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու Վերահսկիչ պալատի բացահայտումներին: «Մենք արձանագրեցինք, որ արդեն հայտնաբերված խախտումների վերաբերյալ կային ստանձնած պարտավորություններ` վերականգնելու պետությանը հասցված վնասները: Ցավոք սրտի, արձանագրվեց, որ դեռեւս այդ միջոցներն ամբողջությամբ չեն վերականգնվել: Ես խնդրում եմ բոլոր շահագրգիռ մարմիններին, որոնք առնչվել են Վերահսկիչ պալատի եզրակացություններին, ծանոթ են հաշվետվություններին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի վերականգնվելու ենթակա ողջ ծավալով գումարները վերադարձվեն»,- խնդրել է ՀՀ վարչապետը:

Ի դեպ, Վերահսկիչ պալատը մի շարք գերատեսչություններում ահռելի չարաշահումներ էր հայտնաբերել, որոնցից ամեն մեկը մի-մի քրեական գործի հիմք կարող էր դառնալ: ՎՊ-ի բացահայտումների վերաբերյալ առ այսօր քրեական գործեր չեն հարուցվել: