Հյուսիսային Կորեայի ռազմածովային նավատորմի տասնյակ ծառայողներ զոհվել են խորտակված նավի վրա ուսումնավարժանքների ժամանակ, որոնք անցկացվում էին 2013թ.-ի հոկտեմբերի կեսերին, հաղորդում է Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը: Նախապես հաղորդում էին միայն մի քանի զոհերի մասին:
Գործակալության հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ավելի վաղ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը այցելել է «իրենց զինվորական պարտքը կատարող» զոհված զինվորների գերեզմանին: ԿԺԴՀ կենտրոնական հեռուստատեսությամբ այս իրադարձությունների մասին ցուցադրված տեսանյութում պարզ երեւում է մոտ 30 տապանաքար, որոնց վրա նշված է «հոկտեմբերի 13» ամսաթիվը:
ՌԻԱ Նովոստին հաղորդում է, վկայակոչելով Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցության տպագիր օրգան «Նոդոն սինմուն» թերթին, որ զոհերի թիվը հասել է 20-ի: Վթարը տեղի է ունեցել Ճապոնական ծովի Վոնսան նավահանգստի մոտակայքում:





























