Հայատանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) փոխնախագահ Յուրկի Կոսկելոյին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկացել է կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՄՖԿ-ի մուտքը մեր երկիր, կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ համագործակցության այն ծրագրերը, որ կառույցը նախատեսել է իրականացնել Հայաստանում` հաջողություն կունենան:

Նշենք, որ Կառույցը նախատեսում է ներդրումներ իրականացնել հիպոթեքային շուկայի զարգացման ոլորտում, ինչպես նաեւ առաջարկում է փոխգործակցություն տնտեսության իրական` հիդրոէներգետիկայի եւ վերականգնողական էներգետիկայի, ֆինանսական հատվածներում: ՄՖԿ-ի փոխնախագահն ընդգծել է, որ մինչ այժմ հաջողված ծրագրեր են իրականացվել հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ առողջապահական ոլորտներում:
ՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանում ՄՖԿ-ի մասնագետների փորձի ներդրումը եւ հույս հայտնել, որ գործակցությունը կլինի փոխշահավետ եւ շարունակական: