Հայաստանն ու Ադրբեջանը ներգրավվելու են «Սեւծովյան օղակ» (HWBSR) նախագծին, որը նախատեսում է Սեւ ծովի ողջ ափով բարձր թողունակությամբ, մոտ 7140 կմ երկարությամբ մայրուղու կառուցում: Մայրուղին բաղկացած է լինելու երկու, ֆիզիկապես իրարից անջատ հատվածներից, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է նվազագույնը 2 երթուղագիծ:

Նախագիծը պատրաստվել է Ռուսաստանի կողմից՝ 2006թ.-ին եւ ներկայացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից-երկրներին: 2007թ. Բելգրադում 12 մասնակից-երկրները համաձայնագիր են ստորագրել, իսկ անցած տարվա աշնանը համաձայնագիրը մտել է ուժի մեջ: Հատկանշական է, որ Ադրբեջանից, «Սեւծովյան օղակ»-ով ճանապարհն անցնում է Հայաստանով: Երկու երկրներն էլ ՍԾՏՀ անդամներ են:

Ճանապարհն իրար է միացնում Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ռումինիան եւ Բուլղարինա: Նախագծով նախատեսվում է մեկից ավելի ճյուղավորում, ինչի արդյունքում" Սեւծովյան օղակին" կմիանան Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, եւ Սերբիան: Հիմնական ճանապարհը կանցնի Ստամբուլ (Թուրքիա)- Սամսուն (Թուրքիա)- Տրաբզոն (Թուրքիա)- Բաթումի (Վրաստան)- Փոթի (Վրաստան)- Նովոռոսիյսկ (Ռուսաստան)- Ռոստով Դոն (Ռուսաստան)- Տագանրոգ (Ռուսաստան)- Մարիուպոլ (Ուկրաինա)- Մելիտոպոլ (Ուկրաինա)- Օդեսսա (Ուկրաինա)- Քիշինեւ (Մոլդովա)- Բուխարեստ (Ռումինիա)- Խասկովո (Բուլղարիա)- Կոմոտինի (Հունաստան)- Ալեքսանդրուպոլիս (Հունաստան) երթուղով: