NEWS.am-ը շարունակում է «Հայաստանը Արիանայի աչքերով» նախագիծը, որի շրջանակում Արիանա Կաոիլին պատմում է Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից, հիմա նաեւ՝ այստեղ ապրելու եւ աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին։

Առաջին մասը կարդացեք այստեղ։

Իմ հեռախոսը դեռ ծնգծնգում է եւ «կապի մեջ լինելու» մասին աղաղակում: Ես «կապի մեջ լինելը» Facebook մտնելու իմաստով  չեմ ասում, դա չափից դուրս հեշտ է: Դա նույնն է, երբ դուք զբոսնում եք Բարիերային Մեծ խութին հարող սպիտակ ավազուտ լողափով՝ առանց լողալու, ու միաժամանակ բոլորին պատմում եք, թե աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն եք տեսել: Անհեթեթություն: Սուզվե՛ք, նույնիսկ եթե մի փոքր ցուրտ է, հագեք խողովակավոր դիմակը  եւ սուզվեք:

Որքան խորն եք սուզվում, այնքան ավելի շատ տարօրինակ եւ հիասքանչ տեսարաններ են բացվում՝ մարջաններ՝ Ավետիսյանի գունապնակից ավելի  բազմերագ, շնաձկներ, եւ այս ամենը՝ վախի, ջերմության, գեղեցկության  եւ ռիսկի համադրությամբ: Նույնը մարդկային իսկական շփման  դեպքում է: Այն ստիպում է  հրաժարվել հպարտությունից, նախապաշարումներից եւ վախից:

Ասում են՝ կատարյալ սերը վանում է ամեն մի վախ եւ ազատագրում մեզ, որպեսզի հնարավորություն ունենանք անկեղծորեն շփվել մարդկանց հետ, եւ միգուցե դա ճիշտ է:

Բայց Հայաստանում մեկ բջջայինն ավելի արագ է գործում, քան հոգեկան փոփոխությունների խորությունը: Այն շփվում է քեզ հետ, ինչպես երեք տարեկան երեխային լողալ սովորեցնող ծնողները. ձեր գիշերազգեստը հանում եւ ձեզ նետում են լողավազանի խորքը (ամեն դեպքում՝ այդպես են սովորում շատ ավստրալացիներ):

Իմ բջջային անընդհատ ինձ հիշեցնում է, որ ընտրություն չունեմ. պետք է կապի մեջ լինեմ մարդկանց հետ: Ես ներքաշված եմ հայ ընկերների խմբում, որոնք լուծում են միմյանց խնդիրները: Եվ ամենից հաճախ դա նշանակում է մեկի տանն ընթրիքի գնալ (ես հաշվել էի, որ կարող էի մի քանի ամիս ապրել առանց կերակուր պատրաստելու: Ընդամենը հարկավոր էր տարբեր ընկերների հետ երեկոն անցկացնելու վերաբերյալ պայմանավորվել):   

Հայկական հյուրասիրությունը կարելի է բնութագրել միաժամանակ որպես անկեղծ եւ ճնշող: մտնել հայկական օջախ, նշանակում է արժանանալ այնքան ջերմ ընդունելության, որքան դա հնարավոր է:

Անդադար հրամցվում են բազմագույն մրգերով, քաղցրավենիքներով ափսեները եւ իհարկե սուրճը: Իմիջը եւ տպավորությունը որոշիչ գործոն են սոցիալական այս կառույցում. Այն, ինչ ստացվում է արդյունքում սոցիալական հորինված արարողակարգի մի մասն է : Երբ դուք մտնում եք տուն, պետք է այնպիսի տպավորություն ստեղծեք, կարծես թե ասում եք. «Ես չեմ նստելու, ոչ մի սուրճ կամ խորոված, բայց շնորհակալ եմ բարության համար»: Այնուհետեւ, ասես վաղօրոք մշակված սցենարով, տանտերը կրկին ձեզ համոզում է նստել, մի քիչ խմել, բալը համտեսել, ինչից իհարկե հրաժարվում եք:  Ավարտական տեսարանում հնչում է ամփոփիչ պահանջը՝ նստել եւ «կրծելով» ուտել թարմ դեղձը, որն ազգականները հենց նոր բերել են Նոյեմբերյանից: Եվ սա արվում է այնպիսի համառությամբ, որ, իհարկե, ստիպված եք լինում ընդունել: Ինձ ասել էին, թե հայերը խուսափում են միմյանց հաճոյախոսություններ անելուց, բայց սեղանի շուրջ նստած ժամանակ նրանք ազատորեն գովեստի խոսքեր են փոխանակում:

Այնուհետեւ հրավերների, ո՛չ, պահանջների, հաջորդ ալիքն է սկսում՝ ընթրիքին մնալու, մեկ գավաթ կոնյակ խմելու առաջարկով, իսկ հետո քեզ պարուրում է մերսում հիշեցնող ալիք, որը սկզբում անհարմարություն է պատճառում, հետո սկսում է հանգստացնել նյարդերը՝ այնքան թուլացնելով, որ ի վիճակի չեք լինում ձեզ ստիպել վեր կենալ սեղանի մոտից: Դա նաեւ թույլ չի տա տանտերը: Թեեւ սկզբում հյուր գալիս  լի էիք միայն սուրճ խմելու եւ վաղ հեռանալու վճռականությամբ, դուք հերթական անգամ տեղի եք տալիս հայկական հյուրասիրության ջերմ գրկախառնության առաջ:

Անհարմարություն ծագում է այն ժամանակ, երբ հյուրընկալ լինելու ձեր հերթն է գալիս, քանի որ գիտեք՝ չեք կարող դա նրանց նման անել: Ես, օրինակ, ահավոր վատ տնտեսուհի էի, ու դա իմ լավագույն օրերին, բայց հայկական (այս հարցում՝ նաեւ ֆիլիպինյան) ստանդարտներով ես բացարձակ խայտառակություն էի: Սակայն ես սովորում եմ: Ինչպես ասվում է Նոր կտակարանում, իմ խաղողի վազն էտվում է:

Ֆիլիպինցիներն ամբողջ աշխարհում հայտնի են հյուրերի եւ օտարերկրացիների հանդեպ իրենց ջերմ վերաբերմունքով: Նրանց հյուրընկալությունը արեւելյան ափերի իսկական մարգարիտն է: Խոշոր քաղաքներից դուրս գտնվող վայրերում  մարդիկ չափազանց բարեհոգի են, «վերջին կովը կմորթեն ձեզ համար» եւ կբացեն արտասահմանից ազգականների բերած ամերիկյան սուրճի վերջին տուփը, որը մասունքի պես պահվել է մի քանի ամիս (հնարավոր է՝ տարի): Նույնիսկ եթե կովը մի փոքր  նիհար է կամ սուրճը՝ հին, շատ բան կա սովորելու լիակատար չքավորության մեջ ապրող այդ մարդկանց՝ հյուրերին ցուցաբերվող վերաբերմունքից:  

Բայց իրականում ի՞նչ է նշանակում հյուրընկալություն: Ավելի պարզ ասած, արդյոք դա փոքր քայլերի շա՞րք է՝  հյուրին առավել ազատ եւ առավել ուրախ  զգալու հնարավորություն տալու համար:  Ոչ, այն առավել խորն է. իրական հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում: «Բարեկամ» խոսքը ենթադրում է սերտ հարաբերություններ ընկերների, համագյուղացիներից ոմանց, անգամ գործընկերների հետ, որոնց վրա տարածվում է մոտ հարազատների համար սովորական  ֆավորիտիզմը:

Ի տարբերություն Արեւմուտքի (եթե ինձ թույլ տաք չարաշահել նման ընդհանրացումները), ես կարծում եմ, որ Հայաստանում ոչ մի բան չափից շատ չի լինում: Սա տարածվում է ամենաչնչին դետալներից սկսած մինչեւ մեծ զիջումների վրա. իսկական հայկական ընկերությունը սահմաններ չի ճանաչում, եւ հենց որ դուք «ախպերությունում եք», շատ քիչ բան ասելու կամ խնդրելու դեպքում ձեզ կարող են դուրս թողնել խմբից: Ներումը, ինչպես եւ պատասխանատվությունը գերակայում են:

Իմ անգամ ամենամոտ ընկերներին որոշակի հարցով դիմելուց կամ որոշակի ժամերի անհանգստացնելուց առաջ ես երկու անգամ կմտածեի. պետք է նրբանկատ լինել անձնական սահմանների  եւ այն հարցերում, ինչը կարող է վրդովմունք առաջ բերել: Սակայն Հայաստանում այդպես չէ:

Հնարավոր է՝ հայերից մեծ մասի ԴՆԹ-ում գրված է կառչել միմյանցից՝ գոյատեւելու համար: Հայերն աչքի են ընկնում, երբ աշխատում են միասին: Պատահական չէ, որ Հայաստանի շախմատի հավաքականը  աշխարհի գործող չեմպիոն է. կոչում, որն այն նվաճել է մի քանի անգամ: Նրանք հաջողության են հասնում որպես թիմ, գումարային առումով ձեռքբերումներն ավելի շատ են, քան առանձին մարզիկների ձեռքբերումները: Նրանք ունեն այլ թիմերին ոչ բնորոշ հատկություն. համախմբվել մի մարզաձեւում, որը, ըստ էության, անհատական է:

Գոյություն ունի համերաշխության շատ ուժեղ զգացում, եւ դա լուրջ հիմք է սոցիալական հարաբերությունների թանձրացման դեմ անհատականի կատարելագործման սոցիոլոգիական ավանդույթի համար (Դյուրքհեյմը գլխով հավանություն կտար):

Թեեւ ժամանակ է պահանջվում հեռախոսիս բարձր ձայնին ընտելանալու համար, դրա հաճախակի եւ փորձված ռիթմը հայկական հասարակությունում ընտրության հարց է: Այն ազդարարում է, որ չկա անգամ փոքր եւ անէական մարտահրավեր, որի առաջ կարելի է մենակ մնալ:

Ինչպես մի անգամ ասել է մեծն Ուիլյամ Բաթլեր Յեյթսը. «Մտածեք, մեծամասամբ որտեղ է սկսվում եւ ավարտվում մարդկային փառքը եւ ասացեք՝ ես ունեցել եմ փառք, ես ունեցել եմ այդպիսի ընկերներ»:

Առաջին մասը կարդացեք այստեղ։

Արիանա Կաոիլի

Հոդվածը թարգմանվել է անգլերենից, բնօրինակին կարող եք ծանոթանալ այստեղ։