Գեղարքունիքի մարզի բնակիչ Ռոբերտ Ք.-ն մեղադրվում է կնոջը ծեծի ենթարկելու մեջ: Մարտունիի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրեն մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ Ռոբերտ Ք.-ն, իր կին` Կարինե Գ.-ի հետ, Մարտունի քաղաքի Պռոշյան հասցեում գտնվող իրենց կողմից վարձակալած բնակարանում, այնուհետեւ բնակարանից դուրս` աստիճանահարթակին, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորյալ բռնի գործողություններ է կատարել ` քաշքշել , հարվածել եւ ֆիզիկական ցավ պատճառել Կարինե Գ.-ին` վերջինիս պատճառելով առողջության կարճատեւ քայքայում:

Այսպիսով, Ռոբերտ Քարամյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 117-րդ հոդվածով`  դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի  50-100-պատիկի չափով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է  ստացվել նոյեմբերի 18-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: