Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հանրային ոլորտի եւ կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավար Կլաուս Դեկերին:
Համաշխարհային Բանկն ավարտել է ՀՀ կառավարության հետ իրականացվող «Դատաիրավական բարեփոխումների» երկրորդ ծրագիրը, եւ ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակն էր «Դատաիրավական բարեփոխումների» երրորդ ծրագրի շրջանակում հստակեցնել այն ոլորտները, որոնք Համաշխարհային Բանկի աջակցությամբ առաջնահերթ բարեփոխման անհրաժեշտություն ունեն:
Կլաուս Դեկերին հանձնվեց բարեփոխման անհրաժեշտություն ունեցող ոլորտների եւ դրանց իրականացման ժամանակացույցն ընդգրկող փաստափուղթ, որը կազմվել էր հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը»:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաթուղթը երկկողմանի լրամշակելուց հետո դարձյալ հանդիպել՝ քննարկելու դրանում նախանշված բարեփոխումների իրականացման հնարավորությունները:




























