Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ օրինագծի քվեարկության արդյունքում ընդդիմությանը չբավականացրեց մի քանի ձայն, սակայն փաստը, որ 46 պատգամավորներ կողմ են քվեարկել, դրական ցուցանիշ է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 4-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ չնայած տապալմանը,  քվեարկության արդյունքը հաղթանակ է համարում:

«Իհարկե, կարելի էր ավելին անել, քանի որ երկու պատգամավոր բացակա էին: Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր թիմով, իշխանության եւ կառավարության հարկադրանքով, դեմ են քվեարկել օրինագծին, եւ իրենց կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին էլ ստիպել են հետեւել իրենց օրինակին»,- նշել է պատգամավորը:

Մինչդեռ, ըստ պատգամավորի, չորս խորհրդարանական խմբակցություններ հանդես էին եկել կառուցողական առաջարկներով, սակայն մերժվեցին: «Եթե իշխող կուսակցությունը ժողովրդի կողմից խռովություն էր ուզում, նա դրան հասավ, մինչդեռ մենք դա չէինք ցանկանում. մենք ցանկանում էինք հարցը լուծել խորհրդարանական ճանապարհով»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am