Հայաստանի կառավարությունն ուզում է շահութահարկից ազատել մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների երաշխավորված գումարները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Քանի որ այդ գումարները պահպանվում են մեր քաղաքացիների համար որպես ապագա կենսաթոշակներ, ապա այս դեպքում շահութահարկի արտոնություններ են անհրաժեշտ»,-ասել է Այվազյանը:
Այս օրինագիծը խիստ քննադատության է ենթարկել դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նկատել է, որ նոր կենսաթոշակային համակարգի եւ դրա հետ միասին կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ձեւավորումը ուշացել է: ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիները պետք է մինչեւ հունվարի 1-ը կուտակային հիմնադրամ ընտրեն, հակառակ դեպքում ընտրությունը կկատարվի սահմանված կարգով: Բայց դրա համար պետք է հուլիսի 1-ից հիմնադրամները լիցենզիա ստացած լինեին, սկսեին կամավոր կենսաթոշակային կուտակումներ կատարեին եւ եկամուտ ստանային: Այժմ դեկտեմբերն է, իսկ լիցենզավորումը դեռ ավարտված չէ»,-ընդգծել է Մինասյանը:
Նշենք, որ երաշխիքային հիմնադրամները նախատեսված են կենսաթոշակային ներդրումների 20 տոկոսի ապահովագրման համար՝ անկանխատեսելի զարգացումների դեպքում (80 տոկոսը երաշխավորում է պետությունը): Շահութահարկի արտոնությունները պետք է ուժի մեջ մտնեին այս տարվանից հենց կամավոր հիմնադրամների համար, բայց դրանց ստեղծման հայտեր չեն եղել:




























