Հայաստանի ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակության Սլովակիա այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է`  այս երկրի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը: «Ես ուրախ եմ, որ երկու բուհերը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանը /հիմնադրամ/ եւ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը, արդեն կուտակել են  համագործակցության մեծ փորձ, եւ այսօր մենք ներկա ենք այդ համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման գործընթացին: ՀՀ կառավարության գերակայության շրջանակում է գյուղատնտեսության զարգացումը, եւ այդ համատեքստում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումը մենք դիտարկում ենք` որպես լավագույն ներդրում ոլորտում»,-նշել է Ա. Աշոտյանը: 

Անդրադառնալով Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ մինչեւ 2015 թվականը Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, որը, ըստ Ա. Աշոտյանի,  մեկ անգամ եւս ընդգծում է կրթական բարեփոխումներում եվրոպական  գործընկերների վստահության արտահայտումը: Ողջունելով հյուրերին` բուհի ռեկտոր Պիտեր Բելիկը հույս է հայտնել, որ  այսուհետ եւս գիտակրթական ոլորտում Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի եւ կզարգանա: Հանդիպման ընթացքում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են շնորհանդես` բուհի գիտակրթական պոտենցիալի, կառուցվածքի, ծրագրերի եւ հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման ավարտին երկու բուհերի ռեկտորները ստորագրել են փոխըմռնման հուշագիր, որը նախատեսում է ուսանողների եւ դասախոսների փոխանակում, ընդհանուր ծրագրերի իրականացում, ինչպես նաեւ փորձի փոխանակում: Նշվել է, որ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը վերջերս է միջազգային հավատարմագրում անցել. այդ կապակցությամբ բուհի ներկայացուցիչներն իրենց  պատրաստակամությունն են հայտնել` իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` վերոնշյալ գործընթացում:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտները, ովքեր հետազոտական ծրագրեր են իրականացնում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում: