Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (հասցեն՝ ք. Երեւան, Տիգրան Մեծի պողոտա 23/1) այսօր՝  դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, նախագահող դատավոր Գ.Պողոսյանը կշարունակի «Փակ շուկայի» գործով հետաձգված դատական  նիստի քննությունը:

Այս առնչությամբ՝ «Ժառանգությունը» հաղորդագրություն է՝ տարածել, որտեղ ասվում է

«Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող  հուշարձանի` ‹‹Փակ շուկայի›› ապօրինի քանդման եւ շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը եւ պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել:

ՀՀ իրավապահ մարմինների կողմից  դրսեւորած անգործությունը  վիճարկվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Գործի քննության ժամանակ ի հայտ են եկել հետեւյալ փաստերը` 1.Ճարտարապետահատակագծային առաջադրանք 08.08.2012թ / պահանջ՝ մշակել ‹‹Փակ շուկայի›› վերակառուցման ստորգետնյա հարկերի իրականացման նախագիծ/:

2.Շինարարության  թույլտվություն /ձեւաթուղթ/՝ բացակայում է հիմք հանդիսացող նախագիծը:

3.Քանդման թույլտվությունը բացակայում է՝ գործում առկա է մի ձեւաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտը:

4.Տեսչական ստուգում՝ սկզբնականը բացակայում է:

Գործում առկա է շինարարական կապալի պայմանագիր 01.09.2012թվական ‹‹Թիվ 1 շուկայի›› եւ ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից կնքված, սակայն բացակայում է այն շինարարական լիցենզիան, որի համաձայն այդ կազմակերպությունը կարող է կատարել պատմամշակութային հուշարձանի վերանորոգման աշխատանքներ:

Համադրելով շինարարության թույլտվության օրենքով սահմանված պահանջները՝ գործում առկա փաստաթղթերի հետ ակնհայտ է դառնում  ՀՀ ոստիկանության կողմից ո´չ բազմակողմանի, ո´չ լրիվ եւ ո´չ օբյեկտիվ քննությունը:

Մասնավորապես, գործում բացակայում են շինարարությունը իրականացնելու համար հիմք հանդիսացող շինարարության թույլտվությունը (տե´ս՝ կից ներկայացված փաստաթղթի պատճեն՝ թիվ 1), որը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի հիման վրա: Չկա նաեւ քանդման թույլտվությունը (տե´ս՝ կից ներկայացված փաստաթղթի պատճեն՝ թիվ 2), գործում առկա է միայն ձեւաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտները:

Չունենալով համապատասխան օրինական փաստաթղթեր՝ կառուցապատողի կողմից ‹‹Փակ շուկայի›› տարածքում իրականացվել են մեծածավալ հողային քանդման, տեղափոխման աշխատանքներ եւ կոնստրուկտիվ միջամտությունները հանգեցրել են կառույցի հիմքերի վնասմանն ու խարխլմանը: Ստորգետնյա հարկերի իրականացման նախագծով նախատեսված՝ դեպի ստորգետնյա ավտոկայանատեղեր մեքենաների մուտքն ու ելքը ապահովելու համար կատարվել է կամարի հատվածի ապամոնտաժում: Առանց թույլտվության օբյեկտի քանդումն ու շինարարական մոնտաժային աշխատանքների կատարումը հանդիսանում է ինքնակամ գործունեություն եւ առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: Ինչպես նաեւ, Երեւանի քաղաքապետի կողմից տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ին համապատասխան թույլտվություն տրամադրելուց հաշվի չի առնվել ‹‹Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին›› ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որը սահմանում է՝ «Հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքները իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները եւ այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա եւ տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն»: Հետեւաբար, լիազորված մարմնի կողմից հատուկ քննարկման ենթակա էր հուշարձանի կառույցի տարածքում ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից ամրակայման, նորոգման եւ վերականգնման բնագավառում վերջինիս փորձի եւ համապատասխան լիցենզիայի բացակայությունը»: