ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, դեկտեմբերի 3-ին, Վաշինգթոնում ԼՂՀ ներկայացուցչությունում Արցախի պետական պարգեւ է հանձնել Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթահին: Նա երախտագիտության մեդալի էր արժանացել ԼՂՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Արցախին մատուցած ծառայությունների համար:

Այնուհետեւ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի եւ ԼՂՀ խորհրդարանի համագործակցության զարգացման հարցեր եւ այդ համատեքստում քաղաքական, տնտեսական, մշակույթային կապերի սերտացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գորընթացին:

Նույն օրը երեկոյան, ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեին եւ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումը: Տոնական երեկոն կազմակերպել էին կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահները, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը ու հայ-ամերիկյան կազմակերպությունները՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը:

Միջոցառմանը, որը վարում էր Ֆրենկ Փալոունը, մասնակցել են մի շարք կոնգրեսականներ, ովքեր իրենց ելույթներում ընդգծել են ԼՂՀ հռչակման ժողովրդավարական հիմքերը, անկախության հանրաքվեի օրինականությունը եւ անկախ պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումները: Կոնգրեսականները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` շարունակել նպաստել Արցախի Հանրապետության տնտեսական զարգացմանը եւ միջազգային ճանաչմանը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից որդեգրած ժողովրդավարական ուղին:

Արցախին նվիրված միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդվարդ Ռոյսը, որը իր եւ գործընկերների անունից ողջունել է ԼՂՀ խորհրդարանի նախագահին: Նախագահ Ռոյսը, կարեւորելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, վերահաստատեց ԱՄՆ Կոնգրեսի վճռականությունը՝ շարունակելու ուշադրության կենտրոնում պահել Արցախի անվտանգությունը:

Երեկոյի գլխավոր բանախոսը Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն էր, ով շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին` նրանց ցուցաբերած հոգատար ու անշահախնդիր վերաբերմունքի համար եւ վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի հավատարմությունը ազատության եւ անկախության արժեքներին: