Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ մաղթել հաջողություններ՝ ի նպաստ հայ-ռումինական հարաբերությունների սերտացման եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման:
Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ եւ ռումինացի ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու համար, եւ Հայաստանը հետաքրքրված է շարունակելու այդ բարեկամությունը:
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով փոխգործակցությունը: Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման գործում կարեւորվել է Ռումինիայի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում իր նշանակալի դերակատարումն ունեցող հայ համայնքի դերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ դեսպան Վասիլեն քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ներուժն ու հնարավորությունները:




























