ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի այցը Հայաստան, ըստ էության, ցույց տվեց, որ Հայաստանում իշխող ուժերը պատրաստ են ամեն ինչի, միայն թե պահպանեն իրենց իշխանությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ նշել է նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նա նշել է, որ երբ իշխանությունը լեգիտիմություն չունի երկրի ներսում, այն պետք է որոնի երկրի սահմաններից դուրս: Հարցն այն, թե որքանով է ուժեղ դրսից եկող ուժը, որը մշտապես ճնշելու է:

«Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, տհաճ է, թե ինչպես են մեր իշխանությունները քծնում Պուտինին, ինչպես են ծափահարում ՌԴ նախագահի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից: Նույնիսկ խորհրդային ժամանակներում Կոմկուսի մեր քարտուղարները կամ կուսակցականները այդպես կոպիտ չէին քծնում Բրեժնեւին կամ Խրուշչեւին:

Հայաստանի եւ առաջին, եւ երկրորդ նախագահները նույնպես իրենց արժանավայել են պահել»,-ասել է Հարությունյանը:
Նա նշել է, որ ներկա սերնդի առաքելությունը Հայաստանի անկախության պահպանումն է: Պետությունը վտանգի տակ է, քանի որ ներկա նախագահը չի գործում ժողովրդի շահերից, այլ «կազինոյի քաղաքականություն է վարում»:

«Ու հիմա նա խաղում է Հայաստանի հետ»,-հավելել է «Ազգային համաձայնության» առաջնորդը: