Քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը պատրաստ են մասնակցել նոր կենսաթոշակային համակարգին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Աժ-ում հայտարարել է Հայաստանի ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում ԿԲ-ի նախաձեռնությամբ իրականացված հարցումները:

«Առնվազն, աշխատող քաղաքացիների ավելի քան կեսը պատրաստ են մասնակցել կուտակային համակարգին եւ ընտրել 6 ներդրումային պորտֆելներից մեկը, որն առաջարկվում է երկու մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների կողմից»,-վստահեցրել է նա:

Նրա խոսքով՝ երկու հիմնադրամներն էլ արդեն լիցենզավորված են, երկրորդը լիցենզիան ստացել է բառացիորեն մի քանի օր առաջ:

Կենսաթոշակային հիմնադրամը պետք է ուժի մեջ մտնի 2014-ի հունվարի 1-ից եւ առաջարկվում է անցնել կուտակային համակարգի: Քաղաքացիների դժգոհության պատճառը նոր համակարգի պարտադիր բնույթն է, քանի որ դա նշանակում է, որ առանց այդ էլ ցածր աշխատավարձից մարդիկ պետք է մասնաբաժին հանեն կենսաթոշակային հիմնադրամների համար: