Եթե էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները շանտաժի են ենթարկել առեւտրականներին, դատարանը նրանց կպատժի: Այդ մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ մեկնաբանելով «Ոսկու շուկայի» աշխատակիցների բողոքի ակցիան:
Նա ընդգծել է, թե նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը շուկայում ստուգումներ է իրականացնում սովորական պարբերականությամբ: «Ոսկերիչներն ու առեւտրականները տուգանվում են միայն այն դեպքում, երբ դրոշմն ընդհանրապես չկա: հայտարարությունները, թե դրոշմը լավ չի երեւում կամ ոչ ամբողջությամբ է դրոշմվել, կարելի է քննարկել միայն կազմված արձանագրությունների հիման վրա»,- ասել է նախարարը: Նա հավելել է, թե տեսչությունը ստուգում է ոչ միայն առեւտրականներին, այլեւ դրոշմավորողներին: Անորակ աշխատանքի համար նրանք էլ են տուգանվում: Ըստ նախարարի, առեւտրականներն ու արտադրողները պետք է շահագրգռված լինեն դրոշմի առկայութան մեջ, քանի որ այն շատ էժան արժե՝ 100-300 դրամ, իսկ դրա բացակայության համար տուգանքը սկսվում է 50 հազարից ամեն առարկայի համար:
Դիտարկմանը, թե տեսչության աշխատակիցները բանավոր կերպով աշխատակիցներից մինչեւ երկու միլիոն դրամ են պահանջում, նախարարը պատասխանել է. «Ես կարող եմ կոչ անել, որ չվճարեն եւ չենթարկվեն շանտաժի, քանի որ դրոշմի բացակայության դեպքում առավելագույն տուգանքը կազմում է 500 հազար դրամ: Եթե նման դեպքեր իսկապես եղել են եւ ականատեսները կարող են վկայել, կարելի է դատական կարգով մեղադրել մեր աշխատակիցներին եւ նրանք կպատժվեն»:




























