Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները դեկտեմբերի 5-ին Հնդկաստանի խորհրդարանում հանդիպել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անանթ Կումարի եւ հանձնաժողովի անդամների հետ:
Ողջունելով հայ գործընկերներին` Անանթ Կումարը կարեւորել է խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը եւ նշեց, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունը եւ նպաստում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը տարբեր ձեւաչափերով: Նա հայ խորհրդարանականներին ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը, կազմը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նույնպես կարեւորել է երկու խորհրդարանների համագործակցության հետագա զարգացումը եւ նշեց, որ ԱԺ պատվիրակության այցը Հնդկաստան եւս մեկ քայլ է խորհրդարանական երկխոսությունը շարունակելու ուղղությամբ:
Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի նախագահ Արայիկ Հովհաննիսյանը նշել է, որ բարեկամական խմբերի գործունեությունը եւ ակտիվ շփումները կարեւոր են խորհրդարանների միջեւ գործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու համար: Անանթ Կումարը տեղեկացրել է, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում եւս կստեղծվի Հայաստանի հետ բարեկամական խումբ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են միջազգային տարբեր ատյաններում համագործակցության խորացումը, քննարկել են տարածաշրջանային հարցեր եւ նախանշել հետագա համագործակցության հնարավորությունները:




























