2014 թվականի  ամանորյա  տոնակատարություններին  ընդառաջ`  բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքը տոնականորեն զարդարելու աշխատանքները։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն։

Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում  տեղադրվում   են  Ամանորի խորհրդանիշ տոնածառները, որոնք, ինչպես հանրապետության գլխավոր տոնածառը,  զարդարվում են  խաղալիքներով ու դիոդային  լույսերով։

«Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը բարձրությամբ ու գեղեցկությամբ չի զիջի  նախորդ տարվա մայր տոնածառին։ Մայր տոնածառը, ինչպես նաեւ բոլոր այն տոնածառները, որոնք բնական ծառեր են, բաղկացած է բացառապես սանիտարական էտմամբ հատված սոճու ճյուղերից, որոնք Երեւան են տեղափոխվել տարբեր մարզերից»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Երեւանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում եւ մայրուղիներում այս օրերին տեղադրվում են ամանորյա՝ մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության զարդերը։ Այս տարի լուսադիոդային դեկորատիվ ձեւավորման գեղարվեստական տարրերով է զարդարվում նաեւ շուրջ 300 ծառ։ Ամանորյա տոնական տեսք կստանան որոշ կենտրոնական շենքեր, քաղաքային կահավորանքը եւ տրանսպորտային միջոցները։ 

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ Երեւանի փողոցներում լինելու են նաեւ տոնական անակնկալներ, որոնք կզարմացնեն, կուրախացնեն, տոնական տրամադրություն կհաղորդեն թե՛ երեւանցիներին, թե՛ մայրաքաղաքի հյուրերին։