Կարմիր խաչի միջազգային կոմիտեին չի հաջողվել հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին մշտական ներկայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել են ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունում:
Նշենք, որ շաբաթներ առաջ Հայաստանի սահմանակից գյուղերի գյուղապետեր դիմել էին ԿԽՄԿ-ին՝ խնդրելով կազմակերպել Վազաշեն-Պառավաքար հատվածում կազմակերպության ներկայացուցիչների մշտական ներկայություն՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմից պարբերական հրաձգությունը:
«Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների երկար բանակցություններից հետո պետք է ցավով փաստենք, որ չի հաջողվել իրականացնել սահմանին ԿԽՄԿ մշտական ներկայության ծրագիրը»,-ընդգծել են ԿԽՄԿ-ում: Միեւնույն ժամանակ պատվիրակությունում ընդգծել են, որ մշտական կապի մեջ են գյուղապետերի հետ ու պատրաստ են քննարկել աջակցության այլընտրանքային միջոցները: «ԿԽՄԿ-ն կշարունակի աշխատանքը այդ շրջանում՝ բնակչությանն աջակցելու առումով»,-ընդգծել են պատվիրակությունում:
Սակայն պատճառը, թե ինչու չի հաջողվել ապահովել սահմանին ԿԽՄԿ մշտական ներկայության ծրագիրը, պատվիրակությունում չեն նշել:
Իր հերթին NEWS.am-ի թղթակցի խնդրանքով իրավիճակը մեկնաբանած պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ընդգծել է, որ Հայաստանի ՊՆ-ն, ինչպես նաեւ ԼՂ Պաշտպանական բանակը, պատրաստ են ապահովել ԿԽՄԿ ներկայացուցիչների անվտանգությունը:
Փաստորեն, ադրբեջանական կողմը հերթական անգամ ցուցադրել է վստահության մթնոլորտ հարթելու անպատրաստակամություն՝ շարունակելով խախտել հրադադարի ռեժիմը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել դիպուկահարներից սահմանից հեռացնելուց ու միջադեպերը հետաքննող մեխանիզմ ստեղծելուց:




























