Հայաստանի կրթության եւ գիտության  նախարար Արմեն  Աշոտյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հանդիպում է ունեցել քաղաքապետ Միլան Ստաշնիկի հետ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին՝ քաղաքապետն ընդգծել է, որ տարիներ առաջ ինքը եւս ղեկավարել է Սլովակիայի կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը եւ քաջ տեղյակ է կրթության ոլորտի խնդիրների բարդությանն ու ու պատասխանատվությանը: Քաղաքապետը ներկայացրել է Բրատիսլավայի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների հետ կապված խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկած քայլերը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի կառուցվածքը եւ ընդգծել այն հիմնական ուղղությունները,  որոնք այսօր իրականացվում են հանրապետության հանրակրթության ոլորտում: Նշելով, որ Երեւանը եւ Բրատիսլավան քույր քաղաքներ են, Ա. Աշոտյանը Բրատիսլավայի քաղաքապետին փոխանցել է Երեւանի քաքաքապետի ջերմ ողջույնները:

Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանի հետ քննարկել եւ մշակել կրթամշակութային ոլորտի համագործակցության ծրագիր, որը կմերձեցնի երկու քաղաքների բնակիչներին: 

Այնուհետեւ նախարար Ա. Աշոտյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ: