Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի հետ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել։ Այս մասին Twitter-ում գրել է The Economist ամսագրի խմբագիր Էդվարդ Լուկասը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։
Ըստ Լուկասի՝ Սոչիում ձեռք բերված ռազմավարական համաձայնությունը նախատեսում է նաեւ, որ Ռուսաստանն Ուկրաինային կհատկացնի առնվազն 5 միլիարդ դոլար եւ կհաստատի ռուսական գազի գինն այդ երկրի համար՝ 200 դոլար մեկ խմ-ի դիմաց։
Համաձայնագրի կետերից մեկը մոտ ապագայում Մաքսային միությանն անդամակցելու համաձայնությունն է։ Ըստ Լուկասի՝ խոսքը մինչեւ 2015թ.-ի մասին է, երբ լրանում են Յանուկովիչի լիազորություններն Ոկրաինայի նախագահի պաշտոնում, հաղորդում է «Ռոսբալտը»։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ աշխատանքային կարճատեւ այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են «երկկողմ ռուս-ուկրաինական հարաբերությունների ընթացիկ հարցերը, ինչպես նաեւ Մոսկվայում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա միջպետական հանձնաժողովի նիստի նախապատրաստման հետ կապված հարցեր»։ Յանուկովիչի մամուլի ծառայությունն, իր հերթին, հայտնել է, որ կողմերը խոսել են ռազմավարական գործընկերության ապագա պայմանագրի նախապատրաստման մասին։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր





























