Առեւտրի համաշխարհային կազմակերպության նոր բարեփոխումն է հաստատվել։ 1995թ. ԱՀԿ-ի ստեղծումից հետո խոշորագույն բարեփոխման նախագիծը դեկտեմբերի 7-ին ստորագրել են անդամ երկրների  առեւտրի նախարարները՝ Բալիում անցկացված քառօրյա կոնֆերանսի արդյունքում։

Բարեփումը նախատեսում է մաքսային վերահսկողության բյուրոկրատական քաշքշուկի կրճատում, նախապատվություններ աղքատ պետություններին եւ զարգացող երկրների գյուղատնտեսներին սուբսիդավորելու արգելքների թուլացում, եթե դրանք օգնում են կարիքավորներին:

Նշվում է, որ ԱՀԿ-ի ղեկավար Ռոբերտո Ազեվեդոյի մշակած բարեփոխումների փաթեթի ընդունումը ձգձգվել էր Հնդկաստանի պատճառով, որը  դեմ էր մթերային  սուբսիդավորման վերացմանը: Ավելի ուշ Լատինական Ամերիկայի երկրները՝ Կուբան, Բոլիվիան, Վենեսուելան, Նիկարագուան, նույնպես արտահայտել էին իրենց դժգոհությունը: Ըստ կազմակերպության կանոնների՝  բարեփոխման հաստատման համար անհրաժեշտ է բոլոր 159 անդամ երկրների համաձայնությունը: Երկար խորհրդակցություններից հետո փաստաթուղթը հաջողվել է ստորագրել, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը

Ըստ տնտեսագետների գնահատման՝ բարեփոխությամբ նախատեսված միջոցառումները հնարավորություն կտան համաշխարհային առեւտրի շրջանառությունն ավելացնել մեկ տրիլիոն դոլարով: