Տավուշ մարզի երիտասարդները բաց նամակով դիմել ենՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով եւ պահանջելով բարեկարգել Իծաքար-Գանձաքար-Իջեւան ճանապարհը:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ Մեծարգո Պարոն նախագահ, Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը:
Յուրաքանչյուր ժողովրդի ապագան նրա երիտասարդության ձեռքում է. մենք պատվով եւ հպարտությամբ ենք կրում պատասխանատվություն, տեր ենք կանգնում մեր ապագային եւ ուզում ենք այն կերտել մեր ծննդավայրում՝ ակնկալելով պետության բարձր աջակցությունը: Վստահ ենք՝ քաջատեղյակ եք, որ մեր հայրենիքի սահմանապահ ժողովուրդն, իր հողին ու արմատներին կառչած, ապրում ու արարում է՝ մշտական անձնվիրությամբ դիմակայելով թշնամուն: Խորհրդանշական է, որ տարածաշրջանի սահմանը թշնամու հետ այնքան է, որքան հեռավորությունը մայրաքաղաքից։ Այստեղ ճանապարհը ուղղակի կապուղի չէ, ինչպես շատ վայրերում, այլ կյանքի եւ անվտանգության երաշխիք։
Սույն թվականի հոկտեմբերի 22-ին, Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածում, թշնամին խաթարեց անդորրն ու մեզ կանգնեցրեց սպասված փաստի առաջ։ Արդեն ավելի քան 1.5 ամիս է ճանապարհը փակ, է եւ խնդրի լուծման որեւէ տեղաշարժ չկա։ Այլընրանք հանդիսացող Բերդ-Ճամբարակ ճանապարհը անգամ հետեւողական մաքրման պայմաններում ձմռանն անանցանելի է: Դրանից զատ, այս ճանապարհը եւս, ունենալով գրեթե 4 կմ բաց սահման թշնամու հետ, ցանկացած պահի կարող է արժանանալ նույն ճակատագրին։
Տարածաշրջանը Երեւանին կապող միակ ռազմավարական ճանապարհը Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջեւան ճանապարհն է, որը գտնվում է անմխիթար վիճակում։ Լսել ենք, որ այս ճանապարհի շինարարության հիմնական խոչընդոտը թանկ լինելն է։ Սակայն ինչի՞ց թանկ՝ հայրենիքի՞ց, ապագայի՞ց։ Իրավիճակն ավելի է սաստկանում ամանորի նախաշեմին, քանի որ ծննդավայրից հեռու գտնվող տավուշեցիները ցանկանում են ամանորը դիմավորել հայրենի հողում:
Մեծարգո պարոն նախագահ, մենք գիտենք, որ Ձեր կենսագրության մեջ ռազմական փորձն առյուծ բաժին ունի. Դուք էլ եք անցել պատերազմի թոհուբոհով: Վստահ ենք, որ ավելի քան հասկանում եք մեզ, ավելի քան կիսում եք մեր վրդովմունքն ու մտահոգությունը։
Ուստի, Տավուշի երիտասարդությունը, լինելով համակարծիք, խնդրում եւ պահանջում ենք բարեկարգել Իծաքար-Գանձաքար-Իջեւան ճանապարհը, հավուր պատշաճի եւ հետեւողական կերպով իրականացնել Բերդ-Ճամբարակ ճանապարհի անընդհատ հսկողությունն ու մաքրման աշխատանքները: Քաջ գիտակցելով, որ Պառավաքար-Վազաշեն-Իջեւան ճանապարհը փակելը նահանջ եւ մեր ուժերի նկատմամբ թերահավատություն կառաջացնի, բանուկ պահել նաեւ այդ ճանապարհը' բազմապատկելով վերահսկողությունը մարտական դիրքերում: Մենք կորցրել ենք մեր մանկությունը' թնդանոթների ձայների տակ' ապաստարաններում: Իսկ պատերազմական հիշողություններով ապրող սերունդը իրավունք չունի կորցնել այն ապագան, որը պետք կերտի իր ծննդավայրում:
Հարգանքով եւ շուտափույթ գործնական քայլերի հավատով՝ Տավուշի երիտասարդություն»:
Լուսանկարը՝ ArmeniaNow.com-ի





























