Ամերիկյան Ռիվերսայդի շրջանային դատարանում դաշնային կոլեգիան մերժել է Գլենդելի ոստիկանության լենտենանտի հայցը, ըստ որի նա հետապնդվել է եւ խտրական վերաբերմունքի է արժանացել իր հայ լինելու համար: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Դատական ատենակալները կարճ քննարկում են անցկացրել եւ հրապարակել վճիռը՝ մերժելով լեյտենանտ Տիգրան Թոփաջիկյանի հայցն ընդդեմ Գլենդելի ոստիկանության դեպարտամենտի:
«Ատենակալները ընդունել են այն, ինչը մենք էինք ասում»,-նշել է քաղաքի դատախազ Մայքլ Գարսիան՝ հավելելով, որ ատենակալների վճիռը հաստատում է, որ «չի եղել վրեժի կամ խտրականության որեւէ փաստ»:
Թոփաջիկյանի փաստաբաններ Բրեդլի Հեյջը եւ Քարնի Շեհերյանը դեռեւս որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել: Խոսել չի ցանկացել նաեւ ինքը՝ Թոփաջիկյանը:
Ոստիկաններ Վահագն Մարտիկյանի, Ռոբերտ Բարսեղյանի, Ջոն Բալյանի եւ Բեննի Սիմոնզադի դաշնային հայցերով հետաքննությունը դեռ չի ավարտվել: Բացի այդ, 2012-ին Թոփաջիկյանը, Բալյանի եւ Մարտիկյանի հետ խտրականության վերաբերյալ հայց էր ներկայացրել Լոս Անջելեսի առաջին ատյանի դատարան, սակայն դրա քննությունը հետաձգվել էր:
Հիշեցնենք, որ 2010 թվականին ոստիկանության սերժանտ Տիգրան Թոփաջիկյանը եւ ոստիկաններ Վահագն Մարտիկյանը, Ռոբերտ Բարսեղյանը, Ջոն Բալյանը եւ Բեննի Սիմոնզադը համատեղ հայց էին ներկայացրել դատարան, բողոքելով, որ Գլենդել քաղաքի ոստիկանության դեպարտամենտում իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերել՝ իրենց հայ լինելու համար:
Նշենք, որ Թոփաջիկյանը բազմիցս դիմել է ծառայողական առաջխաղացման խնդրանքով եւ 2013-ի նոյեմբերին նրա կոչումը բարձրացրել են լեյտենանտի: Նրա փաստաբանը նշել է, որ այդ քայլն արվել է դատաքննությունից մի քանի օր առաջ:




























