Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 7-ին,  այցելել է Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ծանոթանալու ստեղծողի մոբիլ դպրոցին ու հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման եւ տարածման համակարգին ծանոթանալու նպատակով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կառավարության ղեկավարին մանրամասն ներկայացրել է ուսուցման կազմակերպման գործընթացը՝ սկսած նախակրթարաններից ավարտած ավագ դպրոցներով: Կրթահամալիրն ունի չորս կրտսեր դպրոց, միջին դպրոց, վարժարանային, արհեստագործական, գեղարվեստի ավագ դպրոցներ, մասնագիտական ուսուցման քոլեջ եւ մեդիակենտրոն:

Վարչապետ Սարգսյանը շրջայցն սկսել է կրթահամալիրի մեդիակենտրոնից, որն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ ուսուցման եւ կառավարման կենտրոն: Այն ներառում է երկու ակումբ, ունի մեդիասրահներ, այստեղ կազմակերպվում են ընթերցավարների ամենշաբաթյա սեմինարներ: Տիգրան Սարգսյանին են ներկայացվել կրթահամալիրի կայքը՝ mskh.am-ը, ենթակայքերը, ամսագրերը։ 

Այնուհետեւ վարչապետը եղել է գեղարվեստի կրտսեր եւ ավագ դպրոցներում, թատրոնի եւ պարի ակումբում, ծանոթացել ավագ դպրոցի արվեստանոցներում իրականացված «Պիկասո» եւ ընթերցարան-լաբորատորիայում կազմակերպված նախագծային աշխատանքների արդյունքներին: Գեղարվեստի կրտսեր դպրոցն ունի մանկապարտեզային շաբաթօրյա խումբ, իրականացվում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների դասվարների եւ նախակրթարանների դաստիարակների ամենշաբաթյա սեմինարներ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Սարգսյանը կարեւորել է կրթական հաստատությունների միջեւ փորձի փոխանակումը. «Մենք կկազմակերպենք մտքերի փոխանակում եւ բանավեճ՝ կրթական համակարգում լավագույն մեթոդաբանությունը ներդնելու համար, կքննարկենք դրանց հարաբերական առավելությունները, թույլ եւ ուժեղ կողմերը: Սա խթան է մեզ համար, որպեսզի նոր թափ հաղորդենք կրթական բարեփոխումներին եւ ընդունենք այն կրթահամալիրները, որոնք հաջողության են հասել, եւ որոնց նկատմամբ կա նաեւ ծնողների վստահություն»: Ընդգծելով երեխայի ինքնադրսեւորմանն ուղղված մեթոդաբանության կարեւորությունը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է բազմազանություն ապահովենք կրթական համակարգում եւ հնարավորություն տանք մեր  տաղանդաշատ ուսուցիչներին, որ նրանք նույնպես ինքնադրսեւորվեն եւ կարողանան այդ կապը հաստատել երեխայի հետ: Մենք ուսումնասիրում ենք այս կրթահամալիրի փորձը, որպեսզի, ստեղծելով հենց այսպիսի միջավայր, կարողանանք բացահայտել երեխայի տաղանդը եւ շնորհները: Կարեւոր է, որպեսզի ուսուցիչները պատրաստ լինեն աշխատել այսպիսի միջավայրում: Բնականաբար, ես կցանկանամ, որպեսզի իմ երեխաներն էլ այսպիսի միջավայրում կրթություն ստանան, որովհետեւ այն ապահովում է բազմազանություն, ուրույն մտածողություն, ստեղծագործական մոտեցում»:

Կրթահամալիրի մայր դպրոցում վարչապետ Սարգսյանն այցելել է պատանեկան ակումբներ, որտեղ կազմակերպվում են մարմնամարզության եւ հանրակրթական պարի դասընթացներ, ինչպես նաեւ կրթահամալիրի դպրոցների խոհարարների սեմինարներ: Հաջորդիվ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել ուսումնական հաստատության սաների կազմակերպած համերգին եւ ողջույնի խոսքում բարձր գնահատել կրթօջախում ձեւավորված մթնոլորտի դերը՝ որպես երեխաների դաստիարակության կարեւոր գործոն:

Կրթահամալիրի ուսումնական ծրագրերի վերաբերյալ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում սաները վարչապետին են ներկայացրել ՀՀ նախարարությունների, ուսումնական հաստատությունների, մասնավոր ընկերությունների, Արցախի կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ Վրաստանի դպրոցների հետ ծավալված համագործակցության եւ համատեղ ծրագրերի արդյունքները:

Ամփոփելով կառավարության ղեկավարը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել աշակերտներին ջերմ ընդունելության համար. «Մեր այցի նպատակն էր՝ ծանոթանալ կրթահամալիրին եւ կառավարությունում մասնագիտական քննարկում ծավալել, թե  կրթական համակարգի բարեփոխումներն ինչպես ենք առաջ տանելու: Այսօր Հայաստանում կան տարբեր մոտեցումներ, թե ինչպիսին պետք է լինի միջնակարգ կրթական համակարգը, եւ որ մոդելն է առավել ընդունելի մեզ համար»: Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում կրթական համակարգում, եւ զարգացմա ...

Ամփոփելով կառավարության ղեկավարը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել աշակերտներին ջերմ ընդունելության համար. «Մեր այցի նպատակն էր՝ ծանոթանալ կրթահամալիրին եւ կառավարությունում մասնագիտական քննարկում ծավալել, թե  կրթական համակարգի բարեփոխումներն ինչպես ենք առաջ տանելու: Այսօր Հայաստանում կան տարբեր մոտեցումներ, թե ինչպիսին պետք է լինի միջնակարգ կրթական համակարգը, եւ որ մոդելն է առավել ընդունելի մեզ համար»: Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում կրթական համակարգում, եւ զարգացման ուղիով ընթանում են այն պետությունները, որոնք կարողանում են գտնել կրթական համակարգի լավագույն մոդելը եւ ապահովել իրենց պետության ու ժողովրդի առաջընթացը: Նա շնորհակալություն է հայտնել ծրագրերին ծանոթանալու հնարավորության համար եւ ընդգծել, որ ՀՀ տարբեր կրթահամալիրների փորձի համեմատական վերլուծությունը եւ համադրումը հնարավորություն կտա բովանդակային քննարկումներ կազմակերպել եւ ճիշտ որոշումներ կայացնել: