Զբոսաշրջային «Ռոյալ Էքսպրես» գործակալությունը ամանօրյա շրջագայություն է կազմակերպում դեպի Թաիլանդ, թեեւ երկրում խռովություններ եւ բողոքի ցույցեր են ընթանում: Այս մասին NEWS.am.-ին հայտնեցին վերոհիշյալ գործակալությունից:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ երկու շրջագայություն է կազմակերպվում՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 9-ը եւ դեկտեմբերի 30-ից հունվարի 11-ը: Յուրաքանչյուր շրջագայության մասնակիցների թիվը 17 է:
«Տուրցենտր» զբոսաշրջային գործակալությունից հայտնեցին, որ իրենք Թաիլանդում զբոսաշրջիկներ չունեն: «Վիզա Կոնկորդ» զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչը նշեց, որ իրենք սպասարկել են Թաիլանդ մեկնող զբոսաշրջիկների, սակայն նրանք շատ քիչ են: «Դելտա-Արմենիա» զբոսաշրջային գործակալությունը եւս զբոսաշրջիկներ ունի Թաիլանդում, սակայն գործակալության ներկայացուցիչները հրաժարվել են ասել նրանց ճշգրիտ թիվը:
Նշենք, որ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում արդեն մեկ ամսից ավելի ընդդիմադիրների ցույցեր են տեղի ունենում, որոնց մասնակիցները պահանջում են նախկին վարչապետ եւ ներկայումս կառավարությունը գլխավորող Յինգլակ Չինավատի ավագ եղբայր «Թաքսին Չինավատի վարչակարգի տապալում»: Ընդդիմադիրները գործող վարչապետին եղբոր «խամաճիկն» են համարում, որն ապրում է տարագրության մեջ` 2006թ. ռազմական հեղաշրջումից հետո: Ցույցերի պատճառ էր դարձել իշխող կուսակցության փորձը` խորհրդարանի միջոցով համընդհանուր համաներման մասին օրենք ընդունելու վերաբերյալ, որը Չինավատին թույլ կտար հայրենիք եւ քաղաքականություն վերադառնալ: Թաիլանդի ընտրազանգվածի մեծամասնությունն աջակցում է Չինավատին` երկրում պետական սոցապահովագրման առաջին համակարգի հեղինակին:
Ընդդիմությունը փորձում է պետկառույցների գրոհով կաթվածահար անել կառավարության աշխատանքը:





























