Երեւանում դեկտեմբերի 8 ին տեղացած առաջին ձյան հետեւանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով  բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից տեղումների սկզբից եւեթ սկսվել եւ շարունակվում են քաղաքի փողոցների եւ մայթերի, ինչպես նաեւ բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Այս աշխատանքներում ներգրավված են ընդհանուր թվով 126 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող  եւ այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ: Գործընթացը շարունակվել է նաեւ գիշերային ժամերին:  Առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 167 տոննա աղ եւ ավելի քան 462 խ/մ ավազ։ Ներկայում, փողոցների եւ մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաեւ պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են եղել, ընթանում են նաեւ շքամուտքերի հարակից եւ բակային տարածքների մաքրման աշխատանքներ։Աշխատանքները համակարգում են Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան, քաղաքում կային շատ փողոցներ, որոնք սառույցից մաքրված չէին, իսկ տրանսպորտն աշխատում էր վատ, քանի որ որոշ մեքենաներ եղանակային պայմանների պատճառով երթուղի դուրս չէին եկել: Կանգառներում խցանումներ էին, իսկ մարդիկ տրանսպորտով երթեւեկում էին խցկված: