Երեւանում «Շտապօգնության» կանչերը տարեցտարի ավելանում են, ինչը մի շարք դժվարություններ է ստեղծում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Կանչերի թվաքանակի աճը լուրջ խնդիր է, հստակ չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, հնարավոր է պայմանավորված լինի «Շտապօգնության» նկատմամբ մեծ վստահությամբ: Բայց կանչերի թվաքանակի աճը լուրջ խնդիր է ստեղծում մեզ համար, քանի որ երաշխիք չունենք, որ կարող ենք պիկ ժամերին չուշանալ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ շաբաթ, կիրակի օրերին կանչերը ավելանում են, եւ այդտեղ ամենեւին էլ նշանակություն չունի սեզոնը, որեւէ օրինաչափություն չկա:

Օրինակ՝ դեկտեմբերի 8-ին, Երեւանում «Շտապօգնությունը» սպասարկել է 617, դեկտեմբերի 7-ին՝ 632 կանչ, նոյեմբերի 24-ին՝ 642 կանչ: Ամռանը կանչերի թիվը 600-ի չէր հասնում, իսկ դեկտեմբերին, Թագուհի Ստեփանյանի փոխանցմամբ, միջինը 600 կանչ են սպասարկում:

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ ինչպես միշտ, կանչերը մեծամասամբ կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, ապա՝ սուր-շնչառական ինֆեկցիաների եւ վնասվածքների, տրավմաների հետ: