Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի արգելակների խափանման պատճառով վթարի ենթարկված 24-ամյա Արթուր Թամազյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Կամիր խաչի վերականգնողական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:
Նա նշեց, որ Արթուր Թամազյանն արդեն կարողանում է նստել, շարժվել, շփվել, բայց չի քայլում, միայն ոտքերն է կարողանում շարժել: Բժիշկները հուսադրել են, որ նա կքայլի:
Ի դեպ, դեպքի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել, բայց այն ուսումնասիրելու նպատակով ՀԵԿ-ում ստեղծված հանձնաժողովը իր եզրակացությունը տվել է նախաքննական մարմնին:
Հիշեցնենք, որ Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանը ընթացքի ժամանակ իրեն դուրս էր նետել: Երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ամենայն հավանականությամբ, երիտասարդին այդ քայլին դրդել էր մեքենայի անսարքությունը. ինչ-որ պահի նա զգացել էր, որ արգելակները չեն գործում:




























