Երեւանում տեղացած ձյան հետեւանքները վերացնելու եւ անվտանգ երթեւեկ ապահովելու նպատակով ցերեկային, ինչպես նաեւ գիշերային ժամերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների կողմից իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի ապահովել նաեւ երկրորդական ու երրորդական փողոցների եւ բակային տարածքների ձնամաքրումը: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով հանձնարարվել է նախնական պայմանավորվածության համաձայն ներգրավել նաեւ մասնավոր կազմակերպությունների մասնագիտացած տեխնիկան: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել նաեւ տնտեսվարողների նկատմամբ: Մասնավորապես նրանք, ովքեր չեն կատարի իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման պարտադիր բարեկարգման ստանձնած պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Զեկուցվել է, որ ձյան տեղումներով պայմանավորված ուղեւորափոխադրումներ իրականացնող որոշ ընկերություններ սպասարկումն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցության եւ խստորեն նախազգուշացնել կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:
«Ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու որեւէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել, հատկապես հաշվի առնելով, որ դա պայմանագրային պարտավորություն է, ինչը ենթադրում է նաեւ շատ որոշակի պատասխանատվություն, ընդհուպ լիցենզիայից զրկում, եթե ընկերությունը պատշաճ սպասարկում չի իրականացնում: Խստորեն նախազգուշացրեք բոլորին, որ կատարեն ստանձնած պարտավորությունները եւ չփորձեն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորել իրենց գործունեությունը: Մեզ համար առաջնահերթը մեր համաքաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովումն է, ինչը եւ նրանք պարտավոր են կատարել: Խստորեն հետեւեք, որպեսզի ապահովվի անհրաժեշտ մեքենաքանակ եւ որ երթուղիները սպասարկեն սահմանված ժամանակացույցով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթի հետ կապված էլ զեկուցվել է, որ հայտերի չլինելու պատճառով այն հերթական անգամ չի կարող կայանալ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























