Ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Երեւանում ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով արդեն իսկ նախատեսվել են 2014 թվականին կառուցվելիք թեքահարթակների նախնական հասցեները: Այս մասին նշվել է քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել կիրառվող մոտեցումներն ու ներգրավել շահառուներին ինչպես նախագծման, այնպես էլ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ընդունման փուլին:
«Այս մասով 2013-ին մենք բավականին արդյունավետ համագործակցություն ունեցանք շահագրգիռ կազմակերպությունների եւ շահառուների հետ, ինչը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ընտրված մոտեցումը արդարացի է ու պահանջված: Ըստ այդմ համագործակցությունը պետք է լինի շարունակական եւ ես վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով հետզհետե կկարողանանք մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնել նաեւ մեր հաշմանդամ համաքաղաքացիների համար: Եվ որ ամենակարեւորն է, բոլոր այն ծրագրերը, որոնք կիրականացնենք հետագայում, կհամաձայնեցվի նրանց հետ ու աշխատանքների իրականացման փուլում եւս հենց նրանք կվերահսկեն ու իրենց դրական եզրակացությունը տալուց հետո միայն կհամարենք աշխատանքները լիարժեք կատարված» ,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար երթուղիներում որոշակի քանակությամբ ավտոբուսների հարմարեցման ուղղությամբ: Հանձնարարվել է ուղեւորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերություններին եւս պարտավորեցնել ապահովել համապատասխան սարքավորումների առկայությամբ կահավորված որոշ ավտոբուսներ:




























