ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանը Երեւան վերադառնալուց հետո մտադիր է բողոք-դիմում ներկայացնել ռուսական «Աէրոֆլոտ» ավիաուղիներին՝   դեկտեմբերի 8-ին Երևան-Մոսկվա չվերթի օդանավի վայրէջքի ժամանակ օդանավում հնչած ադրբեջաներեն ձայնագրության համար: Այս մասին NEWS.am-ին ասաց Թևան Պողոսյանը, որն այժմ Բրյուսելում է։

«Ինքնաթիռի անձնակազմը վայրէջք կատարելիս միացրեց ավտոմատ ձայնագրությունը, որի բովանդակությունը ծանոթ է յուրաքանչուրի, ով երբևէ ինքնաթիռով ճամփորդել է Ռուսաստան: Ձայնագրության մեջ ասվում էր, որ ով ՌԴ կամ Բելառուսի քաղաքացի չէ, պետք է ներկայացնի միգրացիոն քարտը, բայց ամենատարօրինակը այն էր, որ ձայնագրությունը ոչ հայերեն էր, ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն, այլ ադրբեջաներեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով` ցավալին այն չէր, որ ներողություն չխնդրեցին, այլ այն, որ հայերենը այդպես էլ չդրեցին. «Կամ չունեին, կամ էլ համարեցին, թե՝ ինչ մի մեծ բան է եղել, որ: Բայց այդ դեպքում, ինչո»ւ ունեն ադրբեջաներեն, իսկ հայերեն՝ ոչ»:

Պատգամավորի կարծիքով` Ադրբեջանից ժամանող ինքնաթիռի մեջ նման բան տեղի ունենալու դեպքում արձագանքը բոլորովին այլ կլիներ. «Է՛լ հատուկ լուրերի թողարկում, որ ադրբեջանական ԱԳՆ-ն նոտա է հղել, էլ դեսպանին կանչել ու «Աէրոֆոլոտի» պորտը տեղը դնել: Այստեղ են ասել. մի անգամ փորձեք արժանապատվություն դրսևորել, եթե ունեք իհարկե, վստահ եմ, որ կապրեք հպարտ երկրի քաղաքացի լինելու հաճույքը»: