Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով «տուժող», վթարի ենթարկված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Թիվ 1 համալսարանական կլինիկայից։ Նրանց փոխանցմամբ՝ Վահան Վրթանեսյանի մոտ որեւէ լուրջ վնասվածք չկար, վիճակը լավ էր եւ մի քանի ժամ հիվանդանոցում անցկացնելուց հետո դուրս է գրվել։

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո  Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու,  եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով:

«Հավատացյալ չեմ եւ Աստծո դատաստանին այդքան էլ չեմ հավատում, սակայն տեղեկացնեմ, որ այսօր Նալբանդյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկներում վթարի է ենթարկվել եւ հիվանդանոց է տեղափոխվել իմ դեմ հարուցված քրեական գործով հիմնական «տուժողը»՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը: Ինչեւէ, ցանկանում եմ իրեն ապաքինում, որպեսզի Հայաստանում Սահմանադրական իրավակարգի հաստատումից հետո, ինքը, ինչպես նաեւ իմ դեմ գործեր սարքող բոլոր մնացածները առողջ վիճակում կանգնեն դատարանի առաջ եւ Օրենքի առաջ պատասխան տան իրենց բոլոր ապօրինությունների համար...»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արգիշտի Կիվիրյանը: