ՀՅԴ կենտրոնական մարմինը կարծում է, թե Երեւանի զարգացման 2014թ.  ծրագրի եւ բյուջեի  ընդունված նախագիծը  հեռանկարային չէ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին  հրավիրված ասուլիսին ասաց  ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը:

Նա ներկայացրեց յոթ էջանոց փաստաթուղթ, որը ներկայացվել էր նաեւ Երեւանի քաղաքապետարանին: Փաստաթղթում առանձնացված էին քաղաքաշինական, բնապահպանական խնդիրներ, տրասպորտի գերծանրաբեռնվածության  խնդիրը, մայրաքաղաքի սեսմիկ խնդիրները , քանի որ բնակֆոնդի յոթանասուն տոկոսը սեյսմակայուն չէ:

Լիլիթ Գալստյանն առանձնացրեց նաեւ երիտասարդության եւ նրանց խնդիրներին ուղղված աշխատանքերը, որոնք դուրս են մնացել ծրագրից: Խոսվեց նաեւ մշակութային ժառանգության  պահպանման բացթողումներից եւ, որ հաշմանդամների շրջանում աղքատության վերացման եւ  նրանց սոցիալական սպասարկման ուղղված որեւէ ծրագիր նախատեսված չէ: Լիլիթ Գալստյանը  նշեց, որ ընտրվել է  2014թ-ի  բյուջետային անարդյունավետ մոդել: «Այն այնուամենայնիվ «մուտքային» է  եւ չի որդեգրվել  ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին  իրականացվող «ըստ ծրագրերի ֆինասավորման»  եղանակը, ինչը թույլ կտար բյուջետային գործընթացների բոլոր փուլերում ապահովել  թափանցիկություն եւ ամենկարեւորը` չափերի արդյունքները ապահովել»,- ասաց Լիլիթ Գալստյանը: Նա նշեց, որ  թեեւ 2014 թ. բյուջեի նախագիծը ծախսային մասն անվանական 4.7 տոկոս աճ է ներկայացնում, սակայն հաշվի առնելով  2013 թ- ի  նույն ժամնակահատվածում  արձանգրված  7.1 տոկոսանոց գնաճը բյուջեի ծախսային մասի գնողունակությունը նվազել է  2.4:

«Ներկայացված է իրավիճակային ծրագիր եւ բյուջեի նախագիծ, որը կարճաժամկետ է եւ իրավիճակային խնդիրներ է լուծում` չպատասխանելով Երեւանի զարգացման  հեռանկարային մարտահրավերներին»,- ասաց Լիլիթ Գալստյանը: Նա նաեւ նշեց, որ քննարկման ներկայացված երկու փաստաթղթերն էլ   շատ ավելի շահեկան կլինեին, եթե աշխատանքների ծավալների ու ժամկետների մասով  ամրագրված պարտավորություններ ունենային: Հանգամանք, որը կբարձրացներ, թե  վերահսկողության , թե հաշվետվության, թե  կոռուպցիոն ռիսկերի  բացահայտման մակարդակը: «Բայց մենք ամեն անգամ բախվում ենք խնդիրները չլուծելու քաղաքական կուրությանն ու համառությանը»,- ավելացրեց Լիլիթ Գալստյանը: