Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, նախկին գերի 36-ամյա Արամ Բաբայանը, ով գերությունից հետո անհաս է մնացել, իրենց տան կողքը մեծ փոս է փորել, որ սատանան դուրս գա եւ իրենք լավ ապրեն, քանի որ իրեն ասել են, որ իրենց սոցիալական վատ վիճակի պատճառը բակում ապրող սատանան է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի խոշտանգումների զոհերի վերականգնողական ծրագրի համակարգող Ժորժետա Մեսրոպյանը:
Նա պատմեց, որ Արամը գերի է ընկել 1993թ-ին 17 տարեկան հասակում, երբ գնացել է անտառում միրգ հավաքելու: Իսկ 1999 թ-ին վերադարձվել է խոշտանգված վիճակում: Նրան այնքան են ծեծել, որ անհաս է մնացել: Տղայի մայրը մինչեւ նրա գերի ընկնելն է մահացած եղել, իսկ հայրը մահացել է նրա գերությունից վերադառնալուց հետո: Արամն ապրում է եղբոր հետ, որը պայմանագրային զինծառայող է:
Տիկին Ժորժետան նշեց, որ տղան այնքան վատ պայմաններում է ապրում, որ երբ նրան աղանդավոր հարազատներն ասել են, թե տանը սատանա կա եւ տան կողքի հողը պետք է փորի, որ սատանան դուրս գա, նա դա լուրջ է ընդունել եւ տան կողքը մեծ փոս է փորել, որ սատանան դուրս գա եւ իրենք լավ ապրեն: «Ապրում են անմխիթար պայմաններում սկսած հացից վերջացրած հագուստի խնդիր ունեն»,- ավելացրեց Ժորժետա Մեսրոպյանը:





























