Աղջիկների սելեկտիվ աբորտներն Ասիային բնորոշ երեւույթ է, որն անդրադառնում է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մի քանի պետությունների վրա, որտեղ աղջիկ ու տղա նորածինների միջեւ անհամամասնություները երբեմն գերազանցում են Հնդկաստանի ցուցանիշը: Այդ մասին France-Presse  գործակալության հետ համատեղ գրում է ֆրանսիական «Le Point» ամսագիրը՝ վկայակոչելով Ժողովրդագրական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի զեկույցը:

Այս հետազոտության տվյալների համաձայն՝ նորածինների սեռերի տարբերությունը Հարավային Կովկասում տատանվում է 110-ի եւ 117-ի սահմաններում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան), ինչպես նաեւ Արեւմտյան Բալկաններում, այդ թվում նաեւ Ալբանիայում:  Եթե ցուցանիշը գերազանցում է 105 տղա-100 աղջիկ ցուցանիշին, համարվում է, որ այն անհամամասնական է:

Ինստիտուտի համաձայն՝ «կովկասյան երեք երկրներում հարաբերակցությունը 1990-ական թթ.-ին  ավելացել է ու գերազանցում է Հնդկաստանի ցուցանիշին», որտեղ սելեկտիվ արհեսատական վիժումների խնդիրը ժողովրդագրական աղետ է: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում անհավասարակշռությունն ամենաբարձրն է(մոտ է 117-ին), ինչը սեռերի միջեւ տարբերության տեսանկյունից այն դարձնում է Չինաստանից հետո աշխարհում երկրորդ երկիրը:

Արեւմտյան Բալկաններում, այդ թվում նաեւ Ալբանիայում, Կոսովոյում եւ Չեռնոգորիայում դիտարկումներն ավելի ցածր են՝ 110-111 նորածին տղա 100 աղջկա դիմաց: Սակայն, համաձայն ինստիտուտի, «երկար տարիների ընթացքում ցուցանիշի պահպանությունը վկայում է իրական անհավասարակշռության մասին»: