«Japonica» ընկերության հիմնադիր Փոլ Ղազարյանը «Greek Reporter»-ի հետ հարցազրույցում բացատրել է իր կողմից հունական պարտատոմսերում մեկ միլիարդ դոլարի ներդրման պատճառը եւ պատմել է իր հաշվետու տեխնիկայի մասին, որը Հունաստանին շնորհում է A+ վարկանիշ:
Փոլ Ղազարյանը Հունաստանի հանդեպ թուլություն ուներ դեռ այն ժամանակ, երբ փիլիսոփայություն էր ուսումնասիրում, նա հատկապես սիրում է Պլատոնին: Սակայն «Japonica» ընկերության հիմնադիրը, որի անունը ծագում է այն փողոցի անունից, որտեղ ինքը ծնվել է, գործով է ապացուցել իր սերը՝ դառնալով հունական պարտատոմսերում խոշորագույն ներդրողը: Երբ պարտատոմսերը գնահատվեցին որպես աղբ, շատերը կասկածանքով էին նայում Ղազարյանին, ով միլիարդ դոլարի դիմաց գնեց դրանք:
Բայց ինչո՞ւ: Պատասխանը կարող է զարմացնել, քանի որ դա կարող է եւս մեկ մարտահրավեր լինել Ղազարյանի համար: «Մենք միլիարդների դիմաց ընկերություն ենք գնում եւ հիմնովին ձեւափոխում այն: Փետրվարի 27-ին վախճանվեց հայրս: Ես իմ ընկերությունում մեկ տարով արձակուրդ վերցրեցի, որպեսզի հոգ տանեմ նրա մասին: Ուստի երբ կորցրեցինք նրան, ես ինձ հարցրեցի, թե ինչ պետք է անել: Հարցրեցի, որտեղ է ամենախորը ճգնաժամը եւ հենց հաջորդ առավոտյան մեկնեցի այնտեղ»,- հայտարարել է նա:
Իհարկե, որպես ներդրող, նա ձգտում էր շահույթի, բայց որտեղ նա տեսավ շահույթը, երբ վարկային կազմակերպությունները թաղել էին Հունաստանին: Ընկերության հիմնադիրը նշել է, որ Հունաստանը վատ հաշվարկի զոհ է ու որպեսզի մարդկանց համոզի իր տեսության ճշմարտացիության մեջ, նա նույնիսկ աշխարհի խոշոր թերթերում քարոզարշավ է ֆինանսավորել, որը կոչվում էր «Հունաստանը A +»:
Ղազարյանն ի սկզբանե Հունաստան էր եկել ընկերություն գնելու մտադրությամբ, բայց զարմացել էր, գիտակցելով, որ տրամաբանական ֆինանսական հաշվետվություններ չկան: Երբ նա սկսել է ուսումնասիրել տնտեսությունը, նա հայտնաբերել է «այն հսկայական տարբերությունները, որ գոյություն ունեն տնտեսական իրականության եւ հաշվապահական հաշվառման միջեւ»:
Նա նաեւ մշակել է հաշվապահական հաշվառման իր սեփական մեթոդը, որում օգտագործում է «միջազգային շատ խիստ չափանիշներ», եւ այդ է պատճառը, որ նա ասել է՝ Հունաստանի վարկանիշը A + է: «Ես տասնյակ միլիոնավոր դոլարներ եմ ծախսել այս մեթոդը մշակելու համար, ինչը չեն կարող իրականացնել գործակալությունները», - հայտարարել է Ղազարյանը:




























