«Ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը բավական կրեատիվ մոտեցում է ցուցաբերում սոցիալական լարվածությունը թուլացնելու հարցում. կառավարության նախորդ նիստում որոշում է ընդունվել պետբյուջեից 718.3 մլն դրամ՝ մոտ 1,8 մլն դոլար տրամադրել պաշտոնյաների համար նոր մեքենաներ գնելուն։ «Ըստ այդմ՝ մեքենաներ են գնվելու դատավորների, խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչների համար։

Նոր մեքենաների համար կառավարությանը դիմել էր ֆինանսների նախարար ԴավիթՍարգսյանը։ Ներկայացնում ենք մեր հարցազրույցը նախարարի հետ։

Պարոն Սարգսյան, ընդամենը մի քանի տարի առաջ կառավարության ավտոպարկը թարմացվեց «Տոյոտա» մակնիշի մեքենաներով, այժմ ինչո՞վ է պայմանավորված նոր մեքենաներ գնելու անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ թոշակների, նպաստների վերաբերյալ հայտարարում եք, թե կուզենայիք ավելի բարձրացնել, բայց գումար չկա։

Այո, ես՝ որպես ֆինանսների նախարար, կառավարությանը ներկայացրել եմ առաջարկություններ՝ վերաբաշխումներ իրականացնելու համար. պետական մարմինների պահպանման ծախսային հոդվածներում եղել են խնայողություններ...
Այն պետական մարմինները, որտեղ եղել են խնայողություններ այլ գնումների իրականացման ժամանակ, իրականացվել է վերաբաշխում, եւ ավտոմեքենաներ գնելու հոդվածին են հատկացվել այդ խնայողությունները։

Ասել է թե՝ պետական մարմինները նախապես խնայել են, որ նոր ավտոմեքենանե՞ր գնեն։

Ոչ, այդպիսի բան չի եղել։ Պարզապես օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մի շարք պետական մարմիններ խնդրել են հատկացնել գումարներ 2014թ. ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։ Այն ժամանակ ֆինանսների նախարարության պատասխանը եղել է հետեւյալը, որ 2014թ. մենք չենք կարող նման հնարավորություն դիտարկել, բայց 13-ի արդյունքներով, եթե կլինեն խնայողություններ, ֆինանսների նախարարությունը դեմ չի լինի վերաբաշխումներ իրականացնել եւ ավտոմեքենաների գումարներ հատկացնել...»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում